Փաստորեն, Սերժ Սարգսյանը ճիշտ դուրս եկավ: Եվ ինչո՞ւ էին այդպես ոգևորվել դաշնակցությունը, ԲՀԿ-ն, Հովիկ Աբրահամյանն ու, իհարկե, Ռոբերտ Սեդրակիչը:
Լավ է լինելու: Վատ հաստատ չի լինելու. փոխանցում էին նախագահականի մեր աղբյուրները ներքաղաքական, ՀՀԿ գործկոմի հայտնի նիստի բուռն օրերին, երբ անգամ ընդդիմությունն էր սպասում-ցանկանում, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ քայլ ձեռնարկի, կարգի բերի վերին բուրգը, վերացնի անհարկի խառնաշփոթը: Սակայն ԱՄՆ կատարելիք այցից առաջ որևէ արմատական լուծման Սերժ Սարգսյանը չգնաց: Այլ գնաց Տավուշ` «վայրկյանների ընթացքում բոլորի հարցերը կլուծեմ. մտածում են` թո՞ւյլ եմ» կարգախոսով, ու վերապահումներ ունեցողները «չերեզ» Տավուշ Վաշինգտոն մեկնած Սերժի հաշվով մտածեցին` փաստորեն, ճիշտ էր:
Կվերադառնա` կանի. մտածեցին բոլորը («ՈՒղղակի Սերժ Սարգսյանը հիմա պետք է ընտրի` արդյոք սա համարի՞ բավարար հրադադար` քոչարյանական էլեմենտների հետ պայքարում, թե՞ հասկանալով, որ մի օր ավելի վտանգավոր իրավիճակում նրանք նորից կարող են ներքին պալատական ապստամբության դրոշը բարձրացնել, ու այսօրվանից քայլ անի` իր ճամբարում արմատախիլ անելու համար բացիլը»։ Սա մենք չենք ասում, այլ ընդդիմությունը, առավել ստույգ` Լևոն Զուրաբյանը, մի՛ զարմացեք):
Ներքաղաքականին և մնացյալ «կարգախոսներին» առաջիկայում դեռ կանդրադառնանք, այժմ գլխավորի` ամերիկյան այցի և հարգարժան Օբամայի մասին:
Տևական ժամանակ տարածաշրջանը լարվածության մեջ պահած վաշինգտոնյան «միջուկային» գագաթաժողովը որոշիչ էր մի շարք առումներով: Հիշենք` դրան հաջորդել էին անչափ հետաքրքիր զարգացումներ ոչ միայն հայաստանյան ներքաղաքական «հորիզոններում», այլև Ռուսաստանում (կրկին ահաբեկչություններ), Ղրղզստանում, և իհարկե, երբեմնի սոցիալիստական Լեհաստանի շուրջ տեղի ունեցած ողբերգությամբ: Փորձագետները «փորձում» էին հասկանալ` շարունակական վեկտորը ո՞ր կողմերում է հանգրվանելու և ապա` Օբամայի որդեգրած «փափուկ» կուրսն ինչ քննություն է բռնելու Ռուսաստանի հետ հայտնի պայմանագրի ստորագրումից հետո` իրանյան, նաև հայկական հարցերում:
Կենտրոնանանք մեր խնդրի վրա: Այն, որ հայ-թուրքական արձանագրությունները չէին վավերացվելու մոտակա ժամկետներում, ոզնուն էլ էր հայտնի: Նախ` այն պատճառով, որ ընտրությունների գնացող Թուրքիային նման երկընտրանքի առջև «ռազմավարական գործընկեր» Միացյալ Նահանգները չէր կանգնեցնելու: Մյուս կողմից էլ` արձանագրությունների գործընթացն ընդհանրապես մեռել էր, և պետք էր դեպ ապրիլի 24 գնացող, այդ ամենի վրա անսահման ջանք ներդրած Օբաման կարողանար հայտարարել` այդ մահվան մասին լուրերը չափազանցված են:
Բոլոր դեպքերում, կողմերը «միջուկային սամիթ» էին գնում մաքսիմում, միջանկյալ և մինիմում ծրագրերով: Բոլոր երեք դեպքերում էլ Հայաստանը շահում էր: Եվ թերևս դա էր պատճառը (բացի այն, որ Սերժ Սարգսյանը ժամանակ կունենա մի քիչ «դիտելու» հանդիպումների «պոբոչնի էֆեկտները», հասկանալու` Օբաման «Մեծ եղեռն», «Ցեղասպանություն» հայերեն եզրույթներից որ մեկը կընտրի այս անգամ, զարգացումներն ու առևտուրը մինչ 24 ինչ որակ կունենան), որ նա որոշեց հանգստանալ, ասենք` Գերմանիայում:
Հայկական կողմի մաքսիմում ծրագիրը հետևյալն էր` սահմանի բացումը, առանց արձանագրությունների վավերացման: Մինիմում` դիվանագիտական հարաբերությունների հաստատում` «չերեզ» Թբիլիսի. այնտեղ «նստած» Թուրքիայի դեսպանը կարող է նաև դեսպանորդել Հայաստանում: Միջանկյալ ծրագիր. ոչինչ չասող ժամանակացույց, որտեղ կլինի բարի ցանկությունների ֆիքսում:
Այս ամենը կարող էր նաև ամերիկյան կողմի մինիմում-մաքսիմում ցանկություններին համապատասխանել, մանավանդ որ վաշինգտոնյան հանդիպումից առաջ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից նման ցանկություն` սահմանի բացում` առանց արձանագրությունների, արդեն իսկ բարձրաձայնվել էր:
Թուրքիայի մաքսիմումը «ճանապարհային նոր քարտեզն» էր, ուր կարող էին նաև ղարաբաղյան տարրեր լինել, դա էր պատճառը, որ թուրքական լրատվամիջոցներն այդքան շատախոս էին (հայկական կողմի արագ ու օպերատիվ` Էդուարդ Շարմազանովի հակադարձումով), և փորձ էին անում ոչ շահեկան դիրքերում գտնվող սեփական իշխանությունների համար գոնե ներքին դիմակայության ֆոն ապահովել:
Թուրքական կողմը շահեկան վիճակում չէր նախ` Օբամայի հրավերը մերժելու, հետո խելոք Վաշինգտոն ժամանելու, հետո Իրանի (Թուրքիան պաշտպանել էր Իրանի միջուկային իրավունքը. հետաքրքիր է` մերո՞նք ինչ են ասել. ձեն-ձուն հլը չկա, և այս ամենը չնայած հանգամանքին, որ ԱՄՆ-ը, Թուրքիան և Իրաքը պայմանագիր էին ստորագրել քրդերի «հաշվով»), ապա Ալիևի` Վաշինգտոն չհրավիրվելու «առիթներով»:
Այն, որ թուրքական կողմը ցայտնոտի մեջ էր այդ ողջ ընթացքում, աներկբա էր ոչ միայն թուրքական լրատվամիջոցների «հայդաբուդուրից», փիսոյաժպիտ Դավութօղլուի «դիվանագիտությունից», որն այդ օրերին միանգամից մի քանի «սխալ» թույլ տվեց. նախ` հարցազրույց տալով, հետո` ժխտելով հարցազրույցի փաստը (տվել է, տվել Դավութօղլուն այդ հարցազրույցը` ներքին օգտագործման համար, որ Իլհամը չնեղանա, պարզապես Օբամա-Էրդողան հանդիպում-պայմանավորվածությունից հետո ասել է` «այդ Խաչիկյանը ես չեմ»), այո, Դավութօղլուն էլ իր հերթին նույնքան խելոք ապսպրել էր` հանել կայքից հարցազրույցը` խեղճ Ալիևին գցելով կրկնակի անհարմար վիճակի մեջ: Մյուս վրիպումն էլ` ճաշի ժամանակ, երրորդ կողմի բացասման բանաձևի անթույլատրելիության մասին Դավութօղլուի թևավոր միտքն էր, որով երրորդ անգամ նա բացասել էր, փաստորեն, «երրորդ» երկիր-Ադրբեջանի անհարկի միջամտությունը գործընթացին:
ՈՒ թե այս ամենին էլ գումարում ենք Էրդողանի խիստ ողբերգական հայացքը` Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ (ասես 15 թ. ցեղասպանվածն ինքն ու իր ժողովուրդը եղած լինեին), ապա պատկերն ամբողջական է դառնում ևս մեկ «նո»-ով. Օբաման առաջինը Սերժին հանդիպեց, Էրդողանի հետ հանդիպումը նախանշված էր մեկ օր հետո (որպեսզի Էրդողանը «տառապի՜») և ընդամենը` 20 րոպե (ճիշտ է` 45 րոպեի պարիտետը պահվեց):
Այս ամենն ասում ենք` ելնելով այն նկատառումից, որ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ երբեք չեն լինում:
Եվ ուրեմն` Էրդողանը տուն հասնելուն պես ահագին հետաքրքիր հայտարարություն արեց` «գոնե կեսը, հետո՛» սկզբունքով, որն առավել ևս ապացուցում է, որ մի կերպ ապրիլի 24-ից և Կոնգրեսի լիագումար նիստից «պլստացած» թուրքական կողմը դեռ ուշքի չի եկել. Էրդողանը «տանը» հայտարարել էր` «գոնե երկու շրջանի՜ց դուրս գային հայերը»... Ինչպես ասում են` «no comment»:
Մյուս կողմից էլ` Էրդողանն ահագին չոր դուրս եկավ այս ամենից (երևի դրա համար ափալ-թափալ նստեց «վերտալյոտն» ու հասավ Թուրքիա. թե չէ Դավոսում` ինչ կռիվ-ղալմաղալ` Պերեսի հետ, նույն Վաշինգտոնում մեկ տարի առաջ իր «ախրանի» տղերքի հետ էն ոնց ծեծկվեցին, իսկ Իսպանիայում վերջերս կոշիկ նետեցին խեղճի վրա. ոնց էլ չամաչեցին):
Բոլոր դեպքերում, Վաշինգտոնում հայ-թուրքականի հաշվով տեղի ունեցածը պետք է համարել բաց մնացած պարտիա այն առումով, որ ըստ ամենայնի` ինչ-որ փաստաթուղթ` «ժամանակացույցաձև», գուցե դեռ ստորագրվի` Օբամայի ապրիլ24-յան «օտկրավենիայից» առաջ:
Այսպիսով. ինչ շահեցին կողմերն այդ հանդիպումից, և այս պահին Միացյալ Նահանգների և Թուրքիայի դեպքում արդեն ասացինք: «Պլստացին»: «Հետո»-ն կերևա:
Հայաստանը, ա) եթե անգամ լինի ժամանակացույց, այն, ըստ ամենայնի, առանց Ղարաբաղի կլինի, ասել է` բոլոր դեպքերում, ստատուս-քվոն պահպանվեց երկու հարցում էլ` թե՛ հայ-թուրքական, թե՛ ղարաբաղյան:
բ) Սեղմվեց Օբամայի ձեռքը: Ընդ որում, այդ ձեռքսեղմմանը խեղճ Իլհամ «չհրավիրված» Ալիևը հետևում էր Օմանից` Գյուլի հեռախոսի «միջով»: Սա հաստատ ամենահետաքրքիր դրվագն էր այս ամենում: Ավելին, Հայաստանը, ի դեմս իր նախագահի, գովվեց Օբամայից: Հիշվեց «հայկական ժողովրդավարությունը»: Հա, իհարկե, մենք էլ, աշխարհն էլ գիտենք մեր ժողովրդավարության իրական մակարդակը. սակայն դա արվեց այլ նպատակով` ավանսով (էն որ վերևում ասում էինք` սպասում ենք Սերժ Սարգսյանը գա Վաշինգտոնից` իրական կադրային-օլիգոպոլիկ բարեփոխումներ իրականացնի, «արմատախիլ անի ըմբոստ տարրերին». դա նկատի ունեինք): Եվ ապա`
գ) Պետդեպի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին ասաց ամենակարևոր միտքը. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս ամենում միասնաբար են հանդես գալիս: Քրոուլին ասաց` թող Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, դաշնակները, ԲՀԿ-ն իրենց չպատռեն այլևս. փաստորեն, Ռուսաստանը հեչ դժգոհ չէ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցից, հրեն Մեդվեդևն էնտեղ նստած, իրենք միասին փորձում են լուծել էդ հարցերը, իմա` որ Քոչարյանի և «այլոց» համար տեղ չի բացվելու: Չասա՞ց նման բան Քրոուլին:
Իսկ թվաց, թե ասաց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ